ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թող աշխարհը խաչված ու մահացած լինի քեզ համար

Թող աշխարհը խաչված ու մահացած լինի քեզ համար
08.09.2024 | 11:51

Ոչ ոք այնքան թանկ չէր Աստծո համար, և ոչ ոքի այդչափ չէին ատում մարդիկ, ինչպես Հիսուսին Նազարեթից, ՈՒմ հրեաները խաչեցին: Նայիր, թե ինչպես աշխարհը վճարեց Նրան Իր հզոր գործերի և հրաշքների համար: Նրան մահապատժի ենթարկեցին այնպես, ասես Նա հանցագործներից ամենամեղավորն էր: Նա մահանում էր՝ ինչպես ծայրագույնս աղքատ մեկը:

Քրիստոսի մահվան մահիճը երկրի վրա չէր. այն եղավ ամուր փայտից շինված Խաչը: Նա մահանում էր՝ որպես անտուն: Հիսուսը չուներ ապաստարան, Աստծո Որդին մահանում էր բաց երկնքի տակ, մի վայրում, որը զզվանք էր առաջացնում: Նա մահանում էր ոչ թե Իր սենյակում, այլ այնտեղ, որտեղ հրապարակային մահապատիժներն էին իրականացվում: Մահանում էր ոչ թե աշակերտներով շրջապատված, այլ երկու հանցագործների հետ, ոչ թե մոր գրկում, այլ բարձր Խաչին գամված:

Նրա ոտքերի տակ ծղոտ չկար անգամ: Նա բարձի վրա չէր պառկած, այլ Նրա գլխին սուր փշերից հյուսված պսակ էր: Նա չէր կրում ո՛չ ձեռնոց, ո՛չ կոշիկ, նրա ձեռքերն ու ոտքերը գամված էին երկաթե մեխերով, որոնք ծակել էին նրա մարմինն ու ոսկորները: Տերը չուներ ուղեկից, ով ցավակցում էր Նրա մեծ վշտին, ընդհակառակը, Նա ստիպված էր համբերելու նրանց, ովքեր վանում էին նրան իրենցից. մի հանցագործի, ով չէր զղջում իր արածների համար, ով Իր հասցեին շարունակ հայհոյանքներ էր թափում:

Մարդու Որդու կողքին մխիթարող չկար, Նրան թողել էին գրեթե բոլորը, թե՛ Իր աշակերտները, թե՛ մյուսները: Քրիստոսը գրեթե անշարժացած էր և չէր կարող տեղից շարժվել՝ ցավը նվազեցնելու համար: Փրկիչը կախված էր՝ գամված խաչին, նրա եզրույթները հնարավորին չափ ձգված էին ու լարված: Հիսուսը տանջանքների մեջ էր. դրանց գրեթե անհնար էր համբերել:

Ոչ ոք հոգ չէր տանում Նրա համար, ոչ ոք չէր օգնում, ոչ ոք չէր մխիթարում կոտրված սրտով Մարդուն: Ահա ամենը, ինչ Հիսուսը կարող էր անել իր մահապատժի ժամին. օգտագործել Իր շուրթերը. Նա աղոթում էր Իր թշնամիների համար և քարոզում Խաչի «ամբիոնից» Իր յոթ ամենաազդեցիկ բառերը՝ յոթ մահացու մեղքերի դեմ: Բայց Նրա շուրթերն անգամ ցավում էին. Հիսուսը խմել էր ուզում, Նրան քացախով սպունգ են տալիս: Նրա ողջ մարմինը տանջանքների ծովի մեջ էր: Եվ Նա բարձր ձայնով աղաղակում է ու հոգին արձակում:

Որքա՜ն մեծ էր Նա, Ով այդ աղաղակով արձակեց Իր վերջին շունչը: Երբ Նա մահացավ, Նրա համար սգում էին երկինքն ու երկիրը:

Նրա հայտնության հետ մահը խուճապահար փախչում է, Նրա կանչով մահը հանձնում է իր գերիներին, և վերջիններս կենդանանում են: Նրա երեսի առջև քանդվում են մահվան դարպասները, իսկ սատանան չի կարողանում դիմանալ Նրա ներկայությանը: Ոչ ոք չի կարող հակառակ կանգնել Նրա զորությանը: Նրա առջև սարսափում է դժոխքը, իսկ երկինքը մեծարում է Նրան:

Նրա փայլից հոգևոր աշխարհի խավարը լուսավորվում է, սուրբերը ցնծությամբ աղաղակում են, ստրկության շղթաները ընկնում են, և գերյալ հոգիների բազմությունը ազատություն է ստանում: Հարյուրապետն ասում է. «Ճշմարիտ որ սա Աստծո Որդի էր», քանզի այդ օրհնյալ մարդը տեսավ, թե ինչպես էր Հիսուսը աղաղակում մահից առաջ և արձակում իր վերջին շունչը: Հարյուրապետին բացվում է այն ճշմարտությունը, որ մարդկային մարմնում ապրում էր անտեսանելի Աստվածը, և նա դավանում է, որ Մարդը, ՈՒմ հրեաները ծաղրում և խաչն են հանում՝ Աստծո Որդին էր:

Քո Տերը՝ Հիսուս Քրիստոսը, մահացավ քեզ համար Խաչի վրա, այդ պատճառով թող աշխարհը խաչված և մահացած լինի քեզ համար: Նայելով Հիսուսի՝ մեզ համար արյուն թափածի մահին՝ հիշիր միշտ քո մահվան մասին և պատրաստ եղիր դրան, քանզի չգիտես, թե որ ժամում քո Տերը կգա, և չես իմանում, թե երբ Քո Արարիչը քեզ կկանչի: Միշտ արթուն եղիր և աղոթիր, որպեսզի գալով՝ Նա քեզ պատրաստ գտնի: Այս պատճառով վարվիր և խոսիր այնպես, ասես քո կյանքի ամեն օրը վերջինն է:

Քանի դեռ մահը չի եկել, սովորիր մահանալ ինքդ քեզ համար, իսկ երբ գա, այն քեզ բանտ չի թվա, այլ դարպասներ, որոնց հետևում կյանքն է: Ե՛վ Քրիստոսը, և՛ մարգարեները անցել են մահվան այդ դարպասներով: Եվ մեկ օր էլ դու պետք է անցնես այդ ճանապարհով, որն անցել են քո հայրերը քեզնից առաջ: Բայց կա մեծ հույս և մեծ մխիթարություն Հիսուսի խոսքերի մեջ. «Ինձ հավատացողը թեև մեռնի էլ՝ կապրի» և «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թե իմ խոսքը լսողը և ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի»:

Եվ այսպես, դարձիր Հիսուսի ընկերը հենց հիմա, որպեսզի գալիք կյանքում արժանանաս Նրա ողորմությունը:

Թովմա ԳԵՄԲԱՑԻ (1380-1471)

Գերմանացի կաթոլիկ վանական

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5984

Մեկնաբանություններ